Ոստիկանությունը հայտնաբերել է Արծվաբերդ համայնքում 49-ամյա կնոջը սպանողին. հարուցվել է քրգործ
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են Տավուշի Արծվաբերդ համայնքում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։
Մայիսի 11-ին, ժամը 13-ն անց 10-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ ստացվեց։ Ահազանգողը, որը բժիշկ էր, հայտնում էր, որ Արծվաբերդում ապրող 49-ամյա Մարինե Բեգյանի կոկորդը կտրել են։ Դին հայտնաբերվել էր հավաբնում։
Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին առանձնապես ծանր հանցագործությունը։ Պարզվեց, որ Մարինե Բեգոյանի կոկորդը կտրող-ծակող, սուր առարկայով կտրել է նրա ամուսինը՝ Մանվել Ասրյանը։
Դեպքի առթիվ Տավուշի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ սպանության հատկանիշներով։ Քրեական հետախույզները գյուղում և հարակից բնակավայրերում սկսեցին ծավալուն որոնողական միջոցառումներ՝ 53-ամյա Ասրյանին հայտնաբերելու համար։
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ժամեր տևած միջոցառումների արդյունքում գտան հետքը։ Ասրյանը թաքնվել էր կիսաքանդ շինության մեջ։ Նա, ոստիկաններին տեսնելով, փախել էր։ Անգամ կտրող-ծակող, սուր գործիքով իրեն վնասել, ապա տեղափոխվել է հիվանդանոց։
Նրա վիճակը ծանր է․ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Դանակն առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվածի բոլոր հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։