Ռուբեն Հայրապետյան. Մի քանի ֆուտբոլիստ կա, ովքեր չպետք է հրավիրվեին հավաքական
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Յուրա Մովսիսյանի` Հայաստանի ազգային հավաքական վերադառնալու մասին.
- Ձեր համաձայնությա՞մբ է Յուրա Մովսիսյանը հրավիրվել հավաքական, և ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր և Մովսիսյանի համագործակցությունը:
- Յուրան ընդամենը ՀՀ բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է, ի՞նչ համագործակցություն պետք է ֆեդերացիայի նախագահն ունենա ֆուտբոլիստի հետ: Իսկ այն մասին, թե ովքեր են հրավիրվել հավաքական, պետք է գլխավոր մարզչին հարցնեք: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում այդ հարցով: Իմ անձնական կարծիքով` մի քանի ֆուտբոլիստ կար, ովքեր չպետք է հրավիրվեին հավաքական:
Ամեն դեպքում մարզչին ազատություն է տրվել` որոշումներ կայացնելու:
Բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար հավասար են: Ոչ ոք հատուկ չէ, Յուրան էլ առանձնահատուկ չէ: Նա, ով օգտակար կլինի մեր հավաքականին, պետք է նրան գնահատենք: