Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մայիսի 10-ին հանդիպում ունեցավ Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուի հետ: Հանդիպմանը մասնակցում էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ դեսպանը Ռումինիայի Սենատի նախագահին շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և զրուցակցի խնդրանքով հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները:
Սերգեյ Մինասյանը կարևորեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Ռումինիայի խորհրդարանի կողմից հնարավորինս շուտ վավերացումը, անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը և այդ համատեքստում բարձր է գնահատում վերջին տարիների ընթացքում հարցի նկատմամբ Ռումինիայի հավասարակշռված դիրքորոշումը:
Անդրադարձ եղավ այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովին և այս առումով ռումինական կողմից բարձր մակարդակով մասնակցության կարևորությանը, ինչպես նաև հայ-ռումինական միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը:
Հանդիպման վերջում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: