Ռազմաարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն է ստեղծվում. Կառավարությունը որոշեց
Նախատեսվում է ՀՀ ՊՆ-ի ենթակայությամբ ստեղծել Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ, որի նպատակն է լինելու ապահովել գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացումը և հայրենական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի արտաքին շուկաներում իրացնելու նախադրյալների ստեղծումը: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշել է պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը: Կառավարությունն այս որոշումն ընդունեց միաձայն:
Դավիթ Փախչանյան ներկայացրել է «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.«Ռազմաարդյունաբերական համալիրն աշխատում է և դա անում է մասնավոր ընկերությունների հետ համագործակցված: Մենք այս կառույցը ստեղծում ենք, որպեսզի դադարեցնե՞նք մասնավորի հետ համագործակցությունը, թե ծավալն այնքան մեծ է, որ պետք է նաեւ պետական կառույց ստեղծել»:
Փոխնախարար Փախչանյանը պատասխանեց. «Ինստիտուտը մշակումներ իրականացնելու գործառույթ չունի, այն կազմելու է մարտավարատեխնիկական առաջադրանքներ: Հիմա դա ոչ համակարգված է արվում: Մենք պետք է հասկանանք, թե այն, ինչ զորքերն ուզում են ունենալ, որն է ամենակարեւոր խնդիրը, տեսնել աշխարհում ինչ է կատարվում, որ ուղղություններն են զարգացնելու համար կարևոր: Այսինքն ինստիտուտը չի լինելու փոխարինող, այլ լրացնող»: