104-ամյա ավստրալիացի գիտնականը հեռացել է կյանքից էվթանազիայի օգնությամբ՝ Բեթհովենի երաժշտության ներքո
Մայիսի 10-ին բրիտանական ծագումով 104-ամյա ավստրալիացի գեոբուսաբան և բնապահպան Դեվիդ Գուդոլը հեռացել է կյանքից՝ էվթանազիայի օգնությամբ: Այս նպատակով նա Ավստրալիայից, որտեղ էվթանազիան արգելված է, Շվեյցարիա է մեկնել՝ որտեղ այն օրինական է համարվում:
Իր կյանքի վերջին օրը ավստրալիացի գիտնականը անց է կացրել իր հարազատների հետ՝ Բազելի համալսարանի բուսաբանական այգում:
«Իմ տարիքում, և ընդհանրապես, ցանկացած տարիքում, պետք է իրավունք ունենաս ինքնակամ հեռանալու կյանքից այն ժամանակ, երբ մահվան ժամանակն ընտրված է: Դա իմ որոշումն է. հեռանալ կյանքից հինգշաբթի օրը և ես դրան պատրաստ եմ: Ես շատ շնորհակալ եմ շվեյցարացի բժիշկներին, ովքեր ինձ նման հնարավորություն են տալիս»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գուդոլը:
Նա հույս է հայտնել, որ իր ինքնակամ մահը, որը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում, կստիպի Ավստրալիայի և մյուս երկրների իշխանություններին փոխել օրենսդրությունը և թույլատրել էվթանազիան: