Մանրամասներ՝ Պուտին-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցից
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:
Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ:
Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ:
Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ավելի վաղ ՌԴ նախագահը նաև շնորհավորական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: