Ընդդիմադիր կուսակցությունը չի կարող լինել Կառավարությունում. Շարմազանով
Հանրապետական կուսակցության անդամները չեն լինի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ընդդիմադիր կուսակցությունը չի կարող լինել Կառավարությունում: Այս պահից մենք ընդդիմություն ենք և վարչապետ Փաշինյանը թող ձևավորի իր կառավարությունը»,-ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ առաջին քայլերը որպես ընդդիմություն գործելու են Հայաստանի, հայ քաղաքացու և Արցախի բարօրության համար. «Մենք կառուցողական ընդդիմություն կլինենք պետական մտածողությամբ»:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: