Խոշոր ավտովթար՝ Սևանի վարչական տարածքում. ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 06 ԼՕ 225 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ընթացքում գլխիվայր շրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Արա Շահնազարյանը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարույթյան փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ գլխիվայր շրջվելու հետևանքով ավտոմեքենայի բարձված ցեմենտը թափվել էր: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Կարեն Հովհաննիսյանն ու Կարեն Գալստյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկանգնեն և խցանում չառաջացնեն, իսկ հետաքրքրասեր քաղաքացիների պակաս հանրապետությունում չկա: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: