Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայում գործող «Բյուլուքյան» հիմնադրամի անդամներին
Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Բյուլուքյան» հիմնադրամի անդամներին (Ֆրանսիա)` գլխավորությամբ հիմնադրամի նախագահ Ժան-Պիեր Քլավղանի:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Հայրապետը, կարեւորելով հիմնադրամի անդամների ճանաչողական այցը Հայաստան եւ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը եւ մասնավորապես` առողջապահության ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ցուցաբերվող զորակցությանը:
Վեհափառ Հայրապետը հիմնադրամի կառավարիչներին ու բարեկամներին ներկայացրեց Մայր Աթոռի ներկայիս առաքելությունը` առանձնացնելով Հայ Եկեղեցու ծրագրերը սոցիալական ու կրթական ոլորտներում: Նորին Սրբությունը նաեւ անդրադարձ կատարեց քրիստոնեական դաստիարակության եւ հոգեւորականների պատրաստության խնդիրներին:
Այնուհետեւ հիմնադրամի նախագահն ընդունելության համար երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը` կարեւորելով հանդիպումը եւ ներկայացնելով այցից ստացած տպավորությունները: Պրն. Ժան-Պիեր Քլավղանը նշեց, որ քաջատեղյակ են, թե որքան ջանք է ներդրվում Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման համար: Հիմնադրամի նախագահը հավելեց, որ այս այցը պիտի նպաստի հիմնադրամի կողմից իրագործվելիք ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: