2018թ. հունվար-մարտին գրանցված հանցագործությունների թիվը կազմել է 5 364, որը նախորդ տարվա համեմատ 539-ով ավելին է. ԱՎԾ
Գրանցված հանցագործությունների թիվը հանրապետությունում աճել է:
2018թ. հունվար-մարտին հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 5 364, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 539-ով ավելին է: 2017թ. հունվար- մարտին գրանցվել է թվով 4 825 հանցագործության դեպք:
Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ-ի ներկայացրած ՀՀ ոստիկանության՝ առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների դեպքերի մասին 2018թ. հունվար-մարտի ամփոփ տեղեկատվությունից:
2018թ. հունվար-մարտին գրանցված հանցագործություններից 2 642 -ը ոչ մեծ ծանրության են, միջին ծանրության՝ 1 933, ծանր՝ 740, որը 147-ով ավելին է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 49 է, որը 6-ով նախորդ տարվա համեմատ պակաս է:
Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 1 184, այդ թվում սպանություն՝ 9, 4 սպանության փորձ, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը՝ 232:
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 36-ն է, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 10՝ նախորդ տարվա 8 -ի փոխարեն:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել 1 041՝ նախորդ տարվա 826-ի փոխարեն:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 2 049: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 1 918: