Ես ժողովրդական շարժմանը միացել եմ ավելի վաղ, ուղղակի սելֆի չեմ արել և ուղիղ եթեր չեմ մտել. Սամվել Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժմանն այս ընթացքում միացել են մշակույթի մի շարք գործիչներ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Սակայն նրանցից ոմանք շարժմանը միացան վերջին օրերին միայն, երբ ակնհայտ էր, որ շարժումը հաջողել է: Հանրության շրջանում եղան քննարկումներ վերջերս, երբ Հանրապետության հրապարակում ժողովրդական շարժման մասնակիցների համար կազմակերպված համերգային ծրագիրը վարում էր հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանը, ով, ի դեպ, նախկինում վարել է նաև ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված միջոցառումներ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Սամվելը պարզաբանեց, որ վերջին օրերին չէ, որ միացել է շարժմանը. «Շարժմանը ավելի վաղ եմ միացել, ուղղակի սելֆիներ չեմ արել, ուղիղ եթեր չեմ մտել, լուսանկարներ չեմ հրապարակել: Կարող եմ նույնիսկ փաստեր ներկայացնել, որ ավելի շուտ եմ միացել ժողովրդին, բայց չեմ կարծում, թե դրա կարիքը կա»:
Հարցին, թե սկզբում հավատո՞ւմ էր, որ շարժումը կհաջողի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նույնիսկ հիմա, երբ ամեն բան արդեն պարզ է, հավատս չի գալիս: Նախկին իշխանությունները այնպես էին արմատավորվել, որ դժվար էր պատկերացնել նման զարգացում: Հիմա արդեն տեսնում եմ, որ վաղը լուսավոր է լինելու: Հայաստանում ոչ միայն ռեժիմ է փոխվել, այլև հոգեվիճակ, մարդիկ բարիացել են: Մի ժամանակ մտածում էինք՝ ինչ չար են մարդիկ, հիմա հասկացանք, որ չար չեն. նրանց չարացրել էին»: