Գործարկվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին նվիրված Yerevan2800.am կայքը
«Երևան 2800» մշակութային հիմնադրամի կողմից այսօրվանից գործարկվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների պաշտոնական կայքը՝ Yerevan2800.am-ը (https://www.yerevan2800.am/hy):
Ինչպես տեղեկացրին «Երևան 2800» մշակութային հիմնադրամից, կայքում տեղադրվելու են մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանին առնչվող բոլոր նորությունները, լուսաբանվելու են նախատեսված միջոցառումները: Արդեն գործում է կայքի նորությունների բաժինը: Մոտ օրերս գործարկվելու են նաև մյուս բաժինները, որոնցում ներկայացվելու են Երևանի ստեղծման և հազարամյակների պատմության ժամանակագրությունը, հիմնադրման 2800-ամյակի տոնական միջոցառումների օրացույցը: Yerevan2800.am-ում կընդգրկվեն նաև հարցազրույցներ հայտնի երևանցիների հետ, հետաքրքրական պատմություններ, ակնարկներ Երևանի մասին: Կայքն ունենալու է նաև ինտերակտիվ բաժին, որտեղ կգործի շատերի կողմից սիրված քուիզերի ձևաչափը:
Yerevan2800.am-ը գործելու է չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Կայքի նյութերը տարածվելու են սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, որոնց հղումները կարելի է գտնել կայքի գլխավոր էջում: