HSBC բանկի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանը և պահնորդը հետմահու պարգևատրվել են ոստիկանության մեդալներով (տեսանյութ)
Մայիսի 3-ին HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս զոհված Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ավազակային հարձակման ժամանակ խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Ոստիկանության պետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել է նաև «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Արամ Մկրտչյանը, ում հրազենային վնասվածք էր պատճառել հանցագործը։
Հանցագործին վնասազերծելու ժամանակ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ Վաղինակ Սարգսյանը ոստիկանության պետի հրամանով, պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։
Ոստիկանությունը կարևորում է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում քաղաքացիների համագործակցությունը, ոստիկանության ծառայողներին ցուցաբերած աջակցությունը:
Հանցագործին բռնելիս ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերին աջակցած քաղաքացիներ Տիգրան Ալավերդյանն ու Հրաչյա Մեժլումյանը, ոստիկանության պետի հրամանով, պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։