Վաղը բողոքի գործողություններ չեն լինելու, Հանրապետության հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն. Փաշինյան
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում նշեց.
«Վաղը մայիսի 1-ն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացրած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղն այստեղ տեղի է ունենալու աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը»,- նշեց նա
«Շատ մեծ է հավանականությունը, որը վաղը ձեր կողմից ընտրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- հավելեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետը, որովհետև էականն այն է, որ կա երկրի ղեկը, իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ.
«Ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ, իրեն կորցնել, տեղը չբերել սեփական ժողովրդին: Սա է ամենագլխավոր իրադարձությունը, որ կա ժողովուրդ, քաղաքացի, որն ի լուր աշխարհի ասում է՝ «մենք ենք տերը մեր երկրի»»:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը բողոքի ակցիաներ չեն իրականացնելու, փողոցներ չեն փակելու. «Վաղն այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական, անշրջելի հաղթանակը: Եվ ուրեմն՝ ես բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը առավոտվա ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում»,- հավելեց նա: