«Իմ քայլը» մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի և Փաշինյանի հեռախոսազրույցից
«Իմ քայլը» մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի և Փաշինյանի հեռախոսազրույցից։
Նշենք, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը այսօր՝ ապրիլի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
«Իմ քայլը» նախաձեռնությունից հայտնեցին, որ նրանք քննարկեցին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը և թե ինչպես են լուծում գտնում Հայաստանի ժողովուրդը և նրանց խորհրդարանական ներկայացուցիչները: Պետքարտուղարի տեղակալ Միտչելը շեշտեց, որ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ ընթացիկ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա՝ ըստ Հայաստանի սահմանադրության և իրավունքի գերակայության:
Նշելով, որ ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ պետքարտուղարի տեղակալ Միտչելը ցույցերի խաղաղ բնույթի հետ կապված կրկին գովեստով արտահայտվեց Հայաստանի ժողովրդի մասին և հույս հայտնեց, որ թե՛ անվտանգային ուժերը, թե՛ խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից:
Նա նաև նկատեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ՝ նպատակ ունենալով ի շահ երկու երկրների առավել ամրապնդել տասնամյակների պատմություն ունեցող հայ-ամերիկյան հարաբերությունները: