Բաբլոյանն ընդդեմ Փաշինյանի. 3 րոպեում 7 հարց ու պատասխան
Ազգային ժղովում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ։
Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ տեղեկանալով՝ արդյոք այս օրերին Փաշինյանn ուներ հավաքներ անցկացնելու ազատ հնարավորություն։
«Այո՛», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
«Այս օրերին դուք ունեի՞ք խոսքի ազատություն», - հարցրեց Բաբլոյանը։
«Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն», - եղավ Փաշինյանի պատասխանը։
«Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն արտահայտելու ազատ իրավունք», - Բաբլոյանի հաջորդ հարցն է։
«Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք», - ասաց Փաշինյանը։
«Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդն ուներ հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն այս օրերին», - հետաքրքրվեց ԱԺ նախագահը։
«Այո՛, ես գտնում եմ, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ստեղծել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրևսորում էր», - Արա Բաբլոյանի հաջորդ հարցն էր։
«Այո՛, աներկբա», - Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր։
«Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008 թվականից հետո», - հարցրեց Բաբլոյանը։
«Ո՛չ», - կտրուկ պատասխանեց Փաշինյանը։
«Մենք կարո՞ղ ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում», -հարցրեց ԱԺ նախագահը։
«Ես հույս ունեմ, որ մենք միասին կանենք», - պատասխանեց Փաշինյանը։
Արա Բաբլոյանը, սակայն, հիշեցրեց, որ ինքը կոնկրետ պատասխան է ակնկալում՝ այո կամ ոչ։
«Այո՛, ունենք դրական տեղաշարժ, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։