Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրից հրաժարվելու պատճառները
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրից հրաժարվելու պատճառները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ երկրում ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակում այդ հուշագիրը չէր կարող գործել:
«Բացի այդ, որպեսզի մենք կարողանայինք ազատ լինել մեր որոշումների մեջ, որպեսզի կարողանայինք սատարել մեր ուզած թեկնածուին, որը վայելում է ժողովրդի վստահությունը, մենք չէինք կարող կապված մնալ կոալիցիոն համաձայնագրով ամրագրված այն դրույթին, որ վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: Սա է եղել պատճառը, որ մենք հրաժարվել ենք կոալիցիայից», - նշեց Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումից հետո բոլորը կզգան ու կտեսնեն, որ Դաշնակցությունը այդ գործում մեծ դերակատարություն է ունեցել: