Գարեգին Բ-ն Ֆինլանդիայի Միկկելե քաղաքի եպիսկոպոսի հետ քննարկել է 2 Եկեղեցիների մարտահրավերները
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 26-ին, ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու Միկկելե քաղաքի եպիսկոպոս Սեպպո Հեկկինեին և Վերապատվելի Տիմո Ռոսկվիստին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ փոխադարձ այցելությունների շնորհիվ վերջին տաս տարիների ընթացքում ձևավորված երկու Եկեղեցիների ջերմ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ու առավել ամրապնդվել:
Իր հերթին Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Սեպպո Հեկկինեն շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար` ներկայացնելով Հայաստանի սրբավայրեր կատարած իր այցելություններից ստացած տպավորությունները:
Լյութերական Եկեղեցու եպիսկոպոսը վստահեցրեց Նորին Սրբությանը, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղ գտած վերջին զարգացումների այս օրերին աղոթակից են հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն:
Զրուցակիցներն անդրադարձան նաև Եկեղեցիների առջև ծառացած զանազան մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: