Կամ ես վարչապետ կընտրվեմ, կամ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի. Փաշինյան
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խնդիրը ոչ թե իր վարչապետ դառնալն է, այլ Հայաստանի կոռումպացված համակարգը վերացնելը: Նա ասել է, որ կան գործարքի առաջարկներ, բայց և առանձնացրել է հետևյալը.
«Ուզում եմ հստակ արձանագրենք՝ կոռումպացված ու հակաժողովրդավարական համակարգի հետ որևէ կոմպրոմիս ու գործարք լինել չի կարող: Մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմանավորվածության. կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի աջակցությամբ, կամ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի: Ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք՝ մեր այս ոգեղեն շարժման որևէ արժեք չպետք է տուժի: ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է ճանաչեն ժողովրդի հաղթանակը, ուրիշ տարբերակ չկա»:
Նա ասել է, որ վարչապետի ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունենալու մայիսի 1-ին, եւ այդ օրը հայ ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով: