«Ասեմ հրաժարվելու եմ ՀՀԿ-ից, ինձ կհարգե՞ք». Վարդան Արամյան (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի հրաժարականը միջազգային ներդրողներն ու հանրությունը դրական են ընկալել: «Որպես ժողովրդավարական նորմ և բախումներից խուսափելու քայլ: Դա դրական ազդակ է տվել այն առումով , որ ՀՀ-ն ունի այնպիսի կարգավիճակ, որ չի կրկնում Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները»,- ասում է Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Նա կարծում է, որ երկրում ստեղծված լարվածությունն ունենում է իր ազդեցությունը, և դրա շարունակական դրսևորումները կարող են տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ մինչև ապրիլի 23-ը, եվրոպարտատոմսերի տոկոսադրույքների աճ է նկատվել, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նվազել։ Նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը մեղմելու ճիշտ լուծումը երկխոսությունն է: Սակայն Հանրապետականի անդամը տեղյակ չէ, թե մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցում ինչ որոշում է կայացվել կուսակցությունում: «Քննարկվում է, դրա մասին լրացուցիչ կտեղեկացվի: Նորից եմ ուզում ասել, ես ճիշտ մարդը չեմ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Իսկ արդյո՞ք Վարդան Արամյանը կհամաձայնվի աշխատել Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունում: «Եթե ես ձեզ հիմա ասեմ՝ այ գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք»։
Վարդան Արամյանը չի կարող մնալ կառավարությունում և աշխատել «Ելք»-ի թիմում . «Այդ դեպքում պետք է «Ելք»-ի անդամ լինել»,-եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: