Ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյանը պատասխանել է Արարատ Միրզոյանին
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ինքը ապագա կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնում է Դավիթ Տոնոյանի թեկնածությունը։
«Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել», - ասել է Տոնոյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է պատգամավորի այս հայտարարությունը պրովոկացիա է, Տոնոյանը պատասխանել է. «Սա քաղաքական ուժի ներկայացուցչի՝ պարոն Միրզոյանի կարծիքն է, որը ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել։ Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում»:
Մյուս հարցին, թե արդյոք նախարարի պաշտոնակատարն ունեցել է որևէ հանդիպում կամ քննարկումներ այս քաղաքական ուժի հետ, Տոնոյանը արձագանքել է. «Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ»: