Չի եղել այնպիսի տարի, որ սոցիալական ոլորտն աչքաթող արած լինենք. Վարդան Արամյան
Կառավարութան այսօրվա նիստից հետո ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն անդրադարձավ հարցին, թե որ թվականին էր վերաբերում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում է լինելու:
«Մենք, իրականում, այդ մասին հանրության դատին կհանձնենք, երբ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ավարտին կբերենք», - ասաց Արամյանը։
Նախարարի պաշտոնակատարը հավելեց, թե ուզում է հաստատել նախկին վարչապետի հայտարարությունը, որ եթե եկամտային հարկին ենք ձեռք տալիս, դա ազդում է նաև նվազագույն աշխատողների աշխատավարձերի վրա:
«Թոշակների մասով մի քանի վարիացիա կա, Արտեմ Ասատրյանի հետ աշխատում ենք այդ ուղղությամբ, վերջնական տեսքը կերևա շուտով», - նշեց նա:
Վարդան Արամյանն ընդգծեց, որ չի եղել այնպիսի տարի, որ սոցիալական ոլորտն աչքաթող արած լինեն:
«Մենք պետք է ամեն ինչ անենք մեր ուժերին համահունչ, եթե մտածում են, որ մենք ոչ օբյեկտիվ ենք ու ռացիոնալ չենք մտածում, որ կա այդ հնարավորությունը, մենք դա չենք կիսում, սխալվում են», - ասաց նախարարի պաշտոնակատարը։
Արամյանը հավելեց, որ 2018 թ-ի բյուջեն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից:
«Այդ պարագայում գնալ որևէ պոպուլյար քայլերի, դա սխալ է, ամեն դեպքում, կառավարությունը պարտավոր է զգոնություն ցուցաբերել, չտրվել էմոցիաների և էմոցիաների տակ որոշում չկայացնել, 2018 թ-ին այն, ինչ ուրվագծվել է բյուջեով, եթե կատարենք, լավ է», - ասաց նա։