ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչներին իշխանությունների հետ կառուցողական երկխոսության կոչ է անում
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն ընդդիմադիր ցույցերի և երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների հետ կառուցողական երկխոսության կոչ է անում։ Այս մասին նշված է ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման արդյունքների մասին Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։
Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․
«Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կայացել է հանդիպում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Ն․Վ․Փաշինյանի և Ա․ Ս․Միրզոյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տ․Ավինյանի հետ։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Երևանում և Հայաստանի Հանրապետությունում ներկա իրավիճակի մասին։
Ռուսական կողմը ընդդիմադիր ցույցերի և երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների հետ կառուցողական երկխոսության կոչ է արել, ընգծել է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրական դաշտի և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերի շրջանակներում: Նաև երկրի կյանքի նորմալ, հանգիստ ընթացքին արագ վերադարձի հույս է հայտնել»։