Եթե արտահերթ ընտրություններ լինեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, դրանք պարզապես չեն կայանա. Փաշինյան
ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, խորհուրդ եմ տալիս դա չանել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, հայտարարել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի պնդմանը, որ վարչապետ չի կարելի ընտրել փողոցում, դա պետք է լինի օրենքների համաձայն, Փաշինյանն արձագանքեց. «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել մենք ինչ ենք ասել. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի խմբակցության կողմից, իսկ ժողովուրդը մինչ այդ հրապարակում պետք է համաձայնության տա թեկնածուին»:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները չեն քվեարկի «ժողովրդի թեկնածուի» օգտին, Փաշինյանն ասաց. «Դե իրենք ուզո՞ւմ են այս իրավիճակը լուծեն, թե՞ ոչ: Իրենք իշխանություն չեն և չպետք է լինեն»:
Նա նշեց, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն ՀՀԿ-ի իշխանության պայմաններում, իրենք մեծ հավանականությամբ կբոյկոտեն այդ ընտրությունները, ակտիվ բոյկոտ կլինի, և այդ ընտրությունները չեն կայանա: