«Ժառանգությունը» իր անդամներին ու համակիրներին կոչ է արել շարունակել պայքարը
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև գործող իշխանության և համակարգի դեմ:
«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին:
Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը և ակտիվ մասնակցությամբ նպաստել մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:
Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները և թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության: