Մենք ողջունում ենք Հայաստանում փոփոխությունների խաղաղ բնույթը. Եվրամիություն
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել։
«Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մենք ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին ականատես եղանք:
Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ:
Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրը Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին միաձայն վավերացված «Համապարփակ և ընդգրկուն գործընկերության համաձայնագրին» համահունչ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ,
ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։