Հայաստանի համար խիստ կարևոր փոփոխությունների մեկնարկի առաջին օրը համընկավ ազգային աղետի զոհերի հիշատակման օրվան
Գուցե նաև ոչ պատահական զուգադիպությամբ՝ Հայաստան պետության համար խիստ կարևոր փոփոխությունների մեկնարկի առաջին օրը համընկավ մեր ժողովրդի ազգային աղետի զոհերի հիշատակման օրվան: Սակայն ի՞նչն է կարևոր՝ վերջին շրջանում մեզանում նկատվող համազգային ոգու վերելքը, ներքաղաքական գործընթացների գլխավոր պատասխանատուների խոհեմ վարքի արդյունքում արձանագրված խաղաղ հանգուցալուծումն ամբողջ աշխարհին ի ցույց դրեցին, որ հայ ժողովրդի դեպքում «այլևս երբեք-ի» խորհրդի հիմնական երաշխավորն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունն է:
Այն էներգիան ու ջերմությունը, որ կուտակվել է այսօր համայն հայության բոլոր շերտերում՝ որոշ առումով նաև նպաստելով համազգային համերաշխության, պետք է նպատակաուղղված կերպով օգտագործել՝ ի նպաստ մեր պետության զարգացման և այդ գործում ողջ ժողովրդի միասնական ջանքերի համադրման:
Նախօրեին հայության շրջանում ամենուր ցնծության տրամադրություն էր, այսօր՝ ցեղասպանված հայրենակիցների հիշատակի ոգեկոչման, իսկ վաղվանից արդեն՝ «նոր» Հայաստանի կերտման, որի մասնակիցը պետք է լինի այս օրերի գործընթացներին որևէ կերպ մասնակից յուրաքանչյուր ոք, քանի որ այդ Հայաստանի համար պատասխանատուն ողջ ժողովուրդն է՝ յուրաքանչյուրս իր տեղում անձնվիրաբար և պատասխանատվությամբ իր գործն անելով և, իհարկե, «ժողովրդի իշխանության» պատվիրակվածների ամեն մի քայլի հանդեպ նույնքան պահանջատիրությամբ:
Եվ ամենակարևորը՝ ոչ միայն պահպանում, այլ համատարած ենք դարձնում այն սիրո, համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը, որն ունենք այսօր:
Արմեն Պետրոսյան. Ֆեյսբուք: