«Շնորհավորում ենք ղեկավարներին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին». «Ժառանգություն»
«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ազգին և համայն մարդկությանը՝ հիշատակելով և դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ այս օրը սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում և մեր պատմական իրավունքների վերականգնում:
Թերևս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին բարձրագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության և, մասնավորապես, ժողովրդավարական Նոր Հայաստանի վերակերտումն էր, որին մեր հասարակությունը ծնունդ տվեց հենց երեկ՝ խաղաղ թավշյա հեղափոխության միջոցով:
Շնորհավորում ենք ղեկավարներին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր առաջին այս քայլն արեցին ազատ, ինքնիշխան և իրավական Հայրենիք դարբնելու մեր սրբազան առաքելության ճանապարհին:
Արդարություն` տանը, արդարություն` աշխարհում:
«Ժառանգություն» կուսակցություն
24 ապրիլի 2018
Երևան