Կալանավորվածներ Լևոն Բարսեղյանն ու Տիգրան Մազմանյանն ազատ են արձակվել
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից.
«Ես էլա Նուբարաշենից։) տարոսը մյուսներին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Լևոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) և 225,1-րդ հոդվածի 1-ին (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) և 2-րդ (Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը) մասերով:
Բացի այդ, ազատ է արձակվել նաև ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, որին կալանավորել էին Հանրային ռադիո մուտք գործելու գործով: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշել է, որ Տիգրան Մազմանյանի խափանման միջոցը փոխվել է: