Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է.
«Պարոն Նախագահ, Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում և 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան
աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից և հյուծվածությունից:
Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերը, ընդունեց բազմաթիվ վերապրողների: Մեծ Բրիտանիայի և ուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռևս 1915թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ոճիր: 1915թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականի:
Ցեղասպանության հիշողությունը և նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին: Հայոց ցեղասպանության հիշատակի 103-րդ տարեդարձի այս օրը Ձեզ և Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ և բարեկամական մտածումները:
Խնդրում եմ, Պարոն Նախագահ, ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»: