Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահը, ով սպանվել է այսօր երեկոյան (լուսանկար)
Ինչպես հայտնել ենք, այսօր երեկոյան Էջմիածնի հիվանդանոցի բակում հավաքվել էին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին պատկանող մեծ թվով ավտոմեքենաներ: Ինչպես «Հետքին» տեղեկացրին հիվանդանոցի ընդունարանից, այսօր ժամը րոպեին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:
Կենսաբանական մահն արձանագրվել է ժամը 21.45 րոպեին: Իսկ վիրաբուժական բաժանմունքից ասացին, որ հիվանդը եղել է ծանր վիճակում և մահացել է վիրահատության ժամանակ:
Նշենք, որ Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:
Նախնական տեղեկություններով Նվեր Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երևան: Գլխով հարվածել է ցուցարարներից մեկին, վերջինս էլ դանակով հարվածել է:
Դեպքի մասին տեղեկություն հնարավոր չեղավ ճշտել ոստիկանությունից: Մեր հեռախոսազանգերին պատասխանող չկար:
Համացանցում հրապարակվել է Նվեր Հովհաննիսյանի լուսանկարը: