Ապրիլի 25-ին ես հանդիպելու եմ Կարեն Կարապետյանի հետ. քննարկելու ենք իշխանության անցնցում փոխանցման օրակարգը. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ Սերժ Սարգսյանն արդեն հեռացած է, իրենք պատրաստվում են չորեքշաբթի օրը՝ առավոտյան ժամը 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակել բանակցությունները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ` իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ:
«Ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ ստացա ձեր լիազորությունը, այնպես էլ խնդրում եմ՝ նորից լիազորելու վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու ժողովրդին իշխանությունը անցնցում փոխանցելու շուրջ»,- ասաց նա՝ ժողովրդի կողմից ստանալով համաձայնություն:
«Ես հույս ունեմ, որ վերնախավը կճանաչի թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակը»,-նշեց նա:
Փաշինյանը հայտնեց, որ առաջիկա 1 շաբաթվա ընթացքում ԱԺ-ն վարչապետ է նշանակելու ժողովրդի թեկնածուին, ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն, որից հետո հնարավոր ամենասեղմ ժամկետներում նշանակվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վենդետային մթնոլորտ։ Ես ուզում եմ իրար հետ արձանագրենք, որ այդ էջը Հայաստանում փակված է»,- նշեց նա։