Դե որ հրաժարական է տալիս, հենա տանը նստած հրաժարական կտա էլի. Էդուարդ Շարմազանով
Քաղաքացիների` չդադարող հավաքների, Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի բանակցությունների և այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարոն Շարմազանով, քաղաքացիները շարունակում են պայքարել, բայց իշխանությունը չի նահանջում: Ի՞նչ կարող է լինել սրա արդյունքում:
-Գիտեք ինչ, այս իրավիճակում հաղթող չի լինելու. պարտվելու ենք բոլորս, բոլորիս պարտությունն է լինելու:
-Եթե ի՞նչ լինի:
-Եթե չկարողանանք երկխոսել: Ես լսել եմ Էդմոն Մարուքյանին էլ, Արամ Սարգսյանին էլ, այդ մարդիկ հո իշխանություն չեն, քննադատում են, բայց մարդիկ ասացին, որ ճանապարհը երկխոսելն է:
-Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախապես հրապարակում հայտարարել էր, որ կգնա Սերժ Սարգսյանի հետ երկխոսելու` միայն նրա հրաժարականի ժամկետները և դրանից բխող այլ հարցեր քննարկելու:
-Նախագահի խոսնակ Հասմիկ Պետրոսյանն այլ ինֆորմացիա է ասում, որ Փաշինյանի ասածը նախագահի հետ հանդիպմանն այլ է եղել: Ես այնտեղ չեմ եղել բանակցությունների, չգիտեմ: Համենայնդեպս, ով ինչ էլ ասել էր, բանակցություններն ուլտիմատումով չեն սկսում: Մենք ունեինք , Աստված տա` էլի ունենանք, բացառիկ շանս` խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով: Եվ պետք է ամեն ինչ անել, ով ինչ կարող է` պետք է անի, որ խնդիրը լուծվի երկխոսության ճանապարհով:
-Իշխանությունը նորից պատրա՞ստ է երկխոսել:
-Ինչ էլ ուզում է լինի` չեն կարող լինել հաղթողներ, եթե այսպես է լինելու: Հրապարակում կանգնածն էլ է իմ երեխան, իմ եղբայրը, ինչ տարբերություն: Կներեք, ոչ ձևական, ոչ էլ պաթոսային խոսք է սա: Համոզված եմ, որ հրապարակում կանգնածների համար կարող է, միգուցե հետաքրքիր էլ չէ իմ կարծիքը, բայց ես որպես հայ մարդ` այդ կոչն եմ անում Ձեզ. սթափվելու, համերաշխության և խնդիրները քննարկելու: Ի վերջո, ում դուրը կգա, ումը` չի գա, փաստը սա է`եղել են ընտրություններ, ընտրությունների արդյունքում ձևավորվել է օրինական իշխանություն և օրինական ընդդիմություն: Եթե ընդդիմությանը չի բավարարում իր հնարավորություները, վարվող քաղաքականությունը, կարող են առաջարկներ անել, կարող են քննարկումներ ծավալել:
-Այսքան մարդիկ, ովքեր ապրում են այս երկրում, ցանկանում են, որպեսզի Սարգսյանն այլևս չպաշտոնավարի: Ցույցեր են նաև այլ երկրներում` այնտեղ ապրող հայության կողմից: Հիմա եթե դա չկատարվի, այսինքն, անտեսվում է մի ամբողջ ժողովրդի պահանջը: -
Դա էմոցիոնալ հայտարարություն է` ամբողջ ժողովրդի: Եթե այդպես լինի, ընտրություններն ինչի համար են: Կարող է ամեն տարի մենք ընտրություն անենք և հետո մի ժամանակ գա, որ ժողովրդի մի զանգված հավաքվի հրապարակում ու ասի` գնա: Իշխանությունն ով է ձևավորել, կարող է` ես եմ ձևավորել: Ժողովուրդն է ձևավորել, ոչ թե` Սերժ Սարգսյանը կամ Էդուարդ Շարմազանովը: Ընտրությունները բոլորն ընդունել են`ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանը:
-Բայց ինչո՞ւ մինչև վերջ չբանակցեց Ս. Սարգսյանը և հեռացավ:
-Կներեք, դա էլ ենք մենք մեղավոր: Մարդն ասել էր` ուղիղ եթեր, ուղիղ եթեր եղավ: Պարոն վարչապետն ասաց. «Ուրախ եմ երկխոսելու», Փաշինյանն ասաց. «Ես երկխոսության չեմ եկել: Մենք մի բանի շուրջ պետք է խոսենք. քո հրաժարականի»: Դե որ հրաժարական է տալիս, էլ ինչու է գալիս. հենա տանը նստած հրաժարական կտա էլի: Խաբարն էլ կուղարկեր իրենց, էլի: Մարդն ասում է` ես դրական եմ ընդունում, որ երկխոսություն է, իսկ Փաշինյանը ասում է` ես չեմ ընդունում, վեր կաց, գնա տուն: Այդպես հարցեր չեն լուծում, սա պետություն է:
Մանրամասները՝ այստեղ: