Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշում կայացնել և անհապաղ հրաժարվել իշխանությունից. Սերժ Թանկյան
Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, որն այս օրերին ակտիվորեն հետևում և մեկնաբանում է Հայաստանում տիրող իրավիճակը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:
«Անհավանական է՝ Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին՝ բռնությամբ և մարտիմեկյան իրադարձությունների կրկնողությամբ, եթե վերջիներս չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցն ու դիմադրությունը: Նա, ասես, ոչ մի բանից տեղյակ չէ: Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշում կայացնել և անհապաղ հրաժարվել իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից և չդրդեն մարդկանց դա անել: Կարծում եմ՝ տեսանյութն ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ քիչ է նա մտածում իր ժողովրդի մասին»,-գրել է նա՝ անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի և շարժման մյուս առաջնորդների հանդեպ ոստիկանության գործողություններին. «Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին և շարժման մյուս առաջնորդներին: Ամոթ»,-նշել է նա: