«Պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին». Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։
«Հարգելի պարոն Մկրտչյան,
Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում ընթացող խաղաղ անհնազանդությամբ իրենց բողոքն ու ընդվզումն արտահայտող դասադուլների մասնակիցներին սպառնում են ուսումնական հաստատություններից հեռացմամբ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին կետի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի՝ մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։
Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի.
«1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք):
Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մաuնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով»:
Դիմում եմ Ձեզ, քանի որ արդեն իսկ առկա են ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից՝ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին իրենց ուսումնական հաստատություններից զանգվածային ազատման բազմաթիվ սպառնալիքներ:
Ուստի ելնելով վերոգրյալից պահանջում եմ չխոչընդոտել և չսպառնալ դասադուլ անող աշակերտներին և ուսանողներին, ովքեր իրականացնում են Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց իրավունքները»: