ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարը Երևանում զսպվածության կոչ է արել
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը Երևանում ընթացող բողոքի ցույցին ներգրավված բոլոր կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել։
Ամորը ողջունել է մարդկանց քաղաքացիական ներգրավվածությունը, որոնք խաղաղ ցույցերի միջոցով օգտագործում են խոսքի ազատության իրենց իրավունքը: «Իշխանությունները պետք է հարգեն այս իրավունքը, և ես ի գիտություն եմ ընդունում ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ հաղորդումները: Միևնույն ժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ և խաթարել գործընթացները։ Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհրաժեշտ զսպվածություն ցուցաբերել, որ բոլոր հայերը կարողանան սեփական կարծիքն արտահայտել և կոչ ենք անում վերադառնալ կառուցողական երկխոսության: Այս համատեքստում մամուլի ազատությունն ունի առաջնահերթ նշանակություն և լրագրողները պետք է պաշտպանվեն բռնության ցանկացած դրսևորումներից»,-նշված է հայտարարությունում։
Նշենք, որ Սանչես Ամորը 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հատուկ համակարգողի և կարճաժամկետ դիտորդական առաքելության առաջնորդի դեր է ստանձնել։