Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտից Հայաստանի քաղաքացիների են բերման ենթարկել
Ապրիլի 18-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցավ ևս մեկ ակցիա՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության և ի պաշտպանություն Երևանում ու այլ քաղաքներում բողոքի ցույց անցկացնող քաղաքացիների:
galatv.am-ին տեղեկացրել են, որ բողոքի ցույց իրականացնող Հարություն Մկրտչյանին ՀՀ դեսպանատանը ծառայություն իրականացնող զինվորականները խնդրեցին լքել դեսպանատան տարածքը, սակայն նրա հրաժարվելուց հետո փորձեցին ուժի կիրառմամբ նրան դուրս հանել տարածքից:
Հարություն Մկրտչյանին փորձեցին օգնել ակցիայի մյուս մասնակիցները, նրանց և զինվորականների միջև առաջացավ քաշքշուկ: Հայ զինվորականներին օգնության հասան ՌԴ ոստիկանները, ովքեր բերման ենթարկեցին ակցիայի 3 մասնակիցների:
Նրանց տեղափոխեցին Մոսկվայի Բասմանյան շրջանի ոստիկանության բաժանմունք:
Ակցիայի մյուս մասնակիցները որոշեցին տեղում նամակ գրել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի անունով, որպեսզի նա ջանքեր գործադրի ՀՀ քաղաքացիներին ազատ արձակելու համար: