Հունաստանում ձերբակալվել են միջազգային հանցավոր խմբավորման անդամներ՝ այդ թվում հայեր ու վրացիներ
Հունաստանի ոստիկանությունը, համագործակցելով Ֆրանսիայի իրավապահների հետ, արդեն երկրորդ օրն է՝ հատուկ գործողություն է իրականացնում Սալոնիկ քաղաքում՝ ընդդեմ միջազգային հանցավոր խմբի անդամների: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Լայնամասշտաբ ոստիկանական գործողությունն ընթանում է միանգամից մի քանի եվրոպական քաղաքում, Սալոնիկում արդեն ձերբակալվել է 14 մարդ, որոնք, այսպես կոչված, «վրացական մաֆիայի» անդամներ են:
Նշվում է, որ խմբավորումը գործել է ամբողջ Եվրոպայի տարածքում, այն մասնագիտացել է խմբակային գողությունների գծով: Հենց այս խմբավորման մասնակցությամբ տասնյակ գողությունների դեպքեր են գրանցվել Սալոնիկի բազմաթիվ թաղամասերում:
Նախօրեին Պիլեյ շրջանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որն ըստ լրատվամիջոցների՝ կապ ունի գործողության հետ: Ենթադրվում է, որ կրակը ոստիկանների ուղղությամբ բացել է կասկածյալներից մեկը, որը նկատել է, որ իրեն հետևում են:
Նույնատիպ ոստիկանական գործողություն է իրականացվում նաև Ֆրանսիայի տարածքում:
Ըստ ոստիկանական աղբյուրների՝ ձերբակալվածների թվում է վրացական հանցավոր խմբավորման պարագլուխը, ում անվանում են «Եվրոպայի Էսկոբար», փոխանցում է Alpha հեռուստաընկերությունը: Նրա դեմ առաջադրվել են սպանության, թմրանյութերի առքուվաճառքի, զենքի անօրինական կրման, մարմնավաճառության կազմակերպման մեղադրանքներ: Նա հետախուզման մեջ է գտնվել Ֆրանսիայում և Իսպանիայում: Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել՝ ֆրանսիական ոստիկանության տված հրամանի համաձայն: Հունական Enikos պարբերականը հայտնում է, որ խոսքը 57-ամյա L.S-ի մասին է, որը համարվում է Եվրոպայում «վրաց-ռուսական» մաֆիայի պարագլուխը։
«Ձերբակալվածների թվում կան վրացիներ, ռուսներ և հայեր»,- գրել է պարբերականը: