Օսիպյանը Փաշինյանին հանձնեց հավաքը դադարեցնելու ծանուցումը. Վերջինս պատռեց թուղթը
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը պատռեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնած ծանուցումը՝ կապված հավաքները դադարեցնելու հետ:
Օսիպյանը դիմելով Փաշինյանին ասաց. «Ոստիկանությունը որոշում է կայացրել հավաքները դադարեցնելու վերաբերյալ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի: Դուք որպես կազմակերպիչ եք, սա փոխանցում եմ ձեզ, որ տեղեկացնեք հավաքի մասնակիցներին: Հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով նախատեսված կարգով կդիմի գործողությունների»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը վերցրեց ծանուցման թուղթը և հրապարակավ պատռեց՝ հայտըարարելով. «Հայաստանում սկսված է տոտալ քաղաքացիական շարժում»:
Նշենք, որ ոստիկանությունը նախօրեին և այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ: «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:
Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: