Լեյկոզով հիվանդ ցուցարարը սրունքի վնասվածք է ստացել. Արեն Բաբլումյան
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ այսօր բողոքի ակցիաների ժամանակ տուժած 8 մարդ է տեղափոխվել։
Առաջին վիրավորը, ինչպես նշեց Բաբլումյանը, երիտասարդ է եղել և հիվանդանոց է տեղափոխվել ժամը 11.30–ին՝ ծնոտի փափուկ հյուսվածքների վնասվածքով։ Օգնություն ցուցաբերվելուց հետո նա դուրս է գրվել։
«Մոտ ժամը 15.30-ին հիվանդանոց են տեղափոխվել 7 մարդ՝ մեկ կին և 6 տղամարդ։ Նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժիշկների հսկողության տակ։ Վեցին ցուցաբերվել է առաջին օգնություն, վերքերի առաջնային մշակում է իրականացվել։ Տուժածներից մեկին կվիրահատեն, նա սրունքի կոտրվածք ունի և նախնական տվյալներով՝ տառապում է լեյկոզով։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը գնահատվում է կայուն»,-ասել է նա։
Արեն Բաբլումյանի խոսքով՝ տուժածների մոտ ստորին վերջույթների և կրծքավանդակի վնասվածքներ կան: