Միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ սթափեցնելու ՀՀ իշխանություններին. ՔՊ
Համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամը անխուսափելի է, նրա 3-րդ ժամկետի կառավարումը համարում ենք անընդունելի։
Այս մասին ասվում է «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարության մեջ՝ որով կուսակցությունը կոչ է հղել միջազգային հանրությանը։
«Վերահաստատելով մեր բոլոր գործողությունների խաղաղ բնույթը և բռնությունները մերժելու սկզբունքը և գիտակցելով Հայաստանի՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի դերը՝ միջազգային հանրությանը կոչ ենք անում.
- Ձեռնարկել գործուն միջոցներ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներին հակասող գործընթացները դադարեցնելու նպատակով,
- Հանդես գալ հրապարակային հայտարարություններով՝ համերաշխության կոչ ուղղելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և սատարելով նրանց խաղաղ հավաքների ազատությանը,
- Հետևել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։
- Դատապարտել խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցող և դրանք կազմակերպող քաղաքացիների նկատմամբ բռնությունը և շարունակական ճնշումները»,-ասվում է հայտարարությունում։