Սիրիայի հարցում պաշտպանելով Ռուսաստանին՝ Հայաստանը վտանգում է հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ․ քաղաքագետ
«Արևմուտքի համար խիստ զգայուն՝ Սիրիայի դեմ իրականացված հարձակման հարցում պաշտպանելով Ռուսաստանին՝ Հայաստանը վտանգի տակ է դնում իր հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ», - պնդում է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նախօրեին հաղորդվեց, որ ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը, դատապարտել է Ամերիկայի ու դաշնակից երկրների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածները Սիրիայի դեմ, որոնք, ըստ Արևմուտքի, իրականացվել են նախագահ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
«Դժբախտաբար, վերջին ժամանակներս Հայաստանը միջազգային կառույցներում տարբեր քվեարկությունների ժամանակ քվեարկում է այնպես, ոնց ուզում է Ռուսաստանը՝ Երուսաղեմի հարցով քվեարկեց Միացյալ Նահանգների դեմ, քիմիական թույնը երբ որ օգտագործվեց Սկրիպալի և իր դստեր դեմ, Հայաստանը նորից հանդես եկավ նախաձեռնություններով, որով աջակցում էր Ռուսաստանին», - նշեց վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Հայաստանը այս ձևի քվեարկություններով հարցականի տակ է դնում իր հեղինակությունը, բայց ամենակարևորը՝ հարցականի տակ է դնում համագործակցությունը Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ, որը միակն է, որ տալիս է Հայաստանին աջակցություն»:
«Ինչքան էլ մենք ասում ենք՝ Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունենք, և այլն, և այլն, Վրաստանը ավելի է ինտեգրվում այլ պետությունների հետ, այլ սիստեմների հետ, ու ինչքան մենք մոտիկ ենք Ռուսաստանին, ինչքան քվեարկում ենք ի օգուտ Ռուսաստանի, էդքան հեռանում ենք ժողովրդավարությունից: Նույնիսկ եթե Եվրոպան ուզենա մեր հետ աշխատել, պարզ է, որ էս բոլոր քվեարկությունները ազդում են, չէ՞, տրամադրությունների վրա», - ընդգծեց քաղաքագետը:
Ի դեպ, Ռուսաստանը ՀԱՊԿ-ից բացի նախօրեին արտահերթ նիստ էր հրավիրել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ շրջանառության մեջ դնելով արևմտյան կոալիցիայի գործողությունները դատապարտող բանաձև: Կրեմլի այդ նախաձեռնությունը, սակայն, պաշտպանել են Ավտանգության խորհրդի 15 անդամներից միայն երեքը: Այս հարցում Մոսկվային աջակցություն չէր հայտնել անգամ Եվրասիական տնտեսական միության դաշնակից Ղազախստանը: