Մեծ Բրիտանիայում քամին քշել, տարել է գողերի թալանած գումարը (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք թալանել են զբոսաշրջային գործակալությունը, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել նրանց վայելել գողոնը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կատարվածը պատկերող տեսանյութը հրապարակել է Մեծ Մանչեսթեր կոմսության ոստիկանությունը: Ինչպես հաղորդում են իրավապահները, կողոպտիչներից մեկը գողացված գումարը թաքցրել է հագուստի տակ, սակայն ուժեղ քամու պատճառով թղթադրամները թափվել են փողոցով մեկ:
Չարագործը նախ շփոթվել է, ապա սկսել ազդանշաններ տալ իր հանցակցին: Նրանք փորձել են հավաքել թափված փողերը, սակայն հասկանալով, որ անօգուտ աշխատանք են անում, որոշել են հեռանալ:
Ոստիկանության տվյալներով՝ չարագործները նստել են արծաթագույն մեքենան և հեռացել: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 17-ին, սակայն կողոպտիչներին հայտնաբերել դեռևս չի հաջողվել: