Հռոմի Պապը մանկապղծության սկանդալի կապակցությամբ Չիլիի բոլոր եպիսկոպոսներին կանչել է Վատիկան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որոշում է կայացրել Վատիկան կանչել Չիլիի բոլոր եպիսկոպոսներին՝ մանկապղծության համար մեղադրվող հոգևորականների շուրջ աղմկոտ սկանդալի կապակցությամբ իր հրահանգով անցկացված հատուկ հետաքննության արդյունքների բաց քննարկման համար: Այս մասին ասվում է Պապի՝ Չիլիի եպիսկոպոսներին ուղղված ուղերձում, որի տեքստը հրապարակվել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մանկապղության մասին այս գործի հետաքննության շրջանակներում, որը Ֆրանցիսկոսը «հատուկ առաքելություն» էր անվանել, վստահված բարձրասիճան հոգևորականները 2300 էջանոց ծավալուն փաստաթուղթ էին հավաքել և հարցաքննել էին 64 վկաների Նյու Յորքում և Սանտիագոյում:
Հռոմի պապը խոստովանել է, որ, մանրազնին ուսումնասիրելով հետաքննության արդյունքները, որոնք հստակորեն խոսում են անչափահասների նկատմամբ բռնության և սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մասին, «ցավ և ամոթ» է զգացել: Նա ցավով շեշտել է, որ շատ երիտասարդ կյանքեր բառացիորեն կոտրվել են Չիլիի հոգևորականության ներկայացուցիչների պատճառով:
Հռոմի պապը մտադիր է Վատիկանում հանդիպում անցկացնել ինչպես Չիլիի եպիսկոպոսական համաժողովի անդամների հետ, այնպես էլ զրուցել չիլիացի հոգևորականների և նրանց ներկայացուցիչների կողմից սեռական բռնության զոհերի հետ: