Կառավարությունը հավանություն է տվել երեք ներդրումային ծրագրի. ընդհանուր արժեքը՝ 21,5 մլրդ դրամ
Կառավարության նիստում երեք ներդրումային ծրագրեր են հավանության արժանացել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, 21,5 մլրդ դրամի ներդրում է նախատեսում և 475 նոր աշխատատեղերի ստեղծում. «Այս ներդրումներներից մեկը գինու և կոնյակի արտադրության ոլորտում է, մյուս երկուսը՝ թեթև արդյունաբերության ոլորտում: Թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումներն արվելու են Արտաշատ համայնքում և երկուսն էլ նոր ուղղություններ են Հայաստանում, որոնք մինչ այդ չեն եղել»:
Նախարարը տեղեկացրեց, որ իրենք բավականաչափ պարզեցրել են ներդրումային ծրագրերի քննարկման աշխատակարգերը, ինչպես նաև ժամկետները, որի արդյունքում գրեթե 3 անգամ ավելացել են այն հայտերը, որոնք մասնավոր հատվածը ներկայացնում է, որ օգտվի պետության կողմից տրամադրվող գործիքակազմից:
«Շատ կարևոր է, որ այդ ներդրումային ծրագրերը իրենց մեջ ներառում են և՛ օտարերկրյա, և՛ տեղական ներդրումներ: Այսինքն ակնհայտ է, որ կա տնտեսական աշխուժացում և հույս ունենք, որ հետագա քայլերը ևս կնպաստեն, որ այս աշխուժացումը Հայաստանում կշարունակվի»,-ընդգծեց Կարայանը:
Բացի այդ, ըստ նախարարի, ևս երկու հարց է ընդունվել կառավարությունում որոնք վերաբերում են մշակված և չմշակված ադամանդների լիցենզավորումը ծանուցման եղանակով փոխանակելու ավարտական փուլին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգ են առաջարկել:
«Այդ համակարգով մենք ավելի մեծ հնարավորություններ կունենանք ավելի հասցեական, տարիքային եւ այլ չափանիշների հիման վրա հաշվառել ՀՀ այցելած զբոսաշրջիկներին»,-իր խոսքն ամփոփեց նախարարը