ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավորին (տեսանյութ)
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը ապրիլի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Ն. Մ. Վիլլեմ-Ալեքսանդրին:
Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդել է ՀՀ դեսպանի առանձնազրույցը Նիդերլանդների Թագավորի հետ, որին ներկա էր նաեւ ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը: Նորին Մեծությունը, շնորհավորելով դեսպան Մելքոնյանին նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել նրան իր առաքելության իրականացման մեջ՝ նշելով, որ դեսպանի նախկին փորձն օգտակար կլինի ամենատարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ ինքն իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի իր նպաստը բերելու հայ-հոլանդական հարաբերությունների հետագա զարգացմանը:
ՀՀ դեսպանն ընդգծել է փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու համար առկա ներուժը եւ շեշտել է, որ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն:
Զրույցի ընթացքում դեսպան Մելքոնյանը Նորին Մեծությանն է ներկայացրել նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, երկրի ներսում խորհրդարանական կառավարման ձեւին անցման գործընթացները: Անդրադարձ է կատարվել նաեւ Նիդերլանդների հայ համայնքին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում Նիդերլանդների ներգրավվածությանը, տնտեսական եւ ոլորտային համագործակցությանը եւ այլ հարցերի: