ՀՀԿ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է. Կարեն Կարապետյանի առաջարկն ընդունվել է միաձայն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվել է: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի անդամները տեղի ունեցած նիստում ամփոփել են նախագահ Սերժ Սարգսյանի 10 տարիների կառավարման արդյունքները:
«Այդ 10 տարիները եղել են բարդ, մարտահրավերներով լի, բայց միևնույն ժամանակ պետականության, անվտանգության ամրապնդման տարիներ: Դժվար է գերագնահատել պարոն նախագահի ներդրումը, Հայաստանի ամրապնդման գործում»,- նշել է Շարմազանովը:
«Այսօր վերջապես ինստիտուցոնալ առումով ՀՀԿ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Դրանք գնացին համերաշխության մթնոլորտում: Առանց բացառության բոլոր գործիչներն ընդունեցին այն առաջարկը, որը արվել էր նախօրեին Կարեն Կարապետյանի կողմից, մենք ՀՀԿ խորհրդի նստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին: Պարզ է, թե ով է, քանի որ այլ թեկնածուներ չեն եղել»,- նշել է Շարմազանովը: