26 300 քայլ. Նիկոլ Փաշինյանն ամփոփել է քայլարշավի տասներորդ օրը
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է «Իմ քայլը» քայլարշավի տասներորդ օրը:
«Մեր երթևեկող հայրենակիցների ողջույնների շնորհիվ իսկապես չնկատեցինք, թե ինչպես թռավ ժամանակը, քանի որ մենք իրականում ոչ թե քայլում էինք, այլ մեզ ուղղված ողջույններին էինք պատասխանում: Սա հրաշալի մի օր էր, և որքան մոտենում ենք Երևանին, այնքան ավելի հզոր ենք զգում, հույս ունենք՝ մեր քաղաքացիների աջակցությունը դուրս կհորդի տներից, մեքենաներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրանք այսօր շարժվել են Սևանի մերձակայքից, անցել Սևան քաղաքով և շփվել քաղաքացիների հետ:
Քայլարշավի մասնակիցները կանգ են առել Հրազդանի մատույցներում իրենց ճամբարատեղիում և ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր քայլել են 15 կմ՝ անելով 26 300 քայլ:
Նիկոլ Փաշինյանը Գյումրիից ոտքով ճանապարհ է ընկել դեպի Երևան և Ազատության հրապարակ կհասնի քայլարշավի 14-րդ օրը: Այս օրն Ազատության հրապարակում նախատեսված է հանրահավաք: