Երուսաղեմում ոստիկանների և հայ ուխտավորների միջև միջադեպի վերաբերյալ Հայ Պատրիարքը բողոք է հայտնել Իսրայելի ԱԳՆ
Երուսաղեմում ապրիլիի 7-ին ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգևորականների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ապրիլի 7-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը` հյուր հոգևորականների, բազմաթիվ ուխտավորների և սաղիմահայերի հետ միասին Սուրբ Հարության Տաճարում նշեց Տիրոջ Հարությունը խորհրդանշող Լուսավորայի արարողությունը:
Սուրբ Հարութեան տաճարի դուռը, ինչպես սահմանված է Status Quo-ով, բացեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Ավագ Թարգմանը: Միաբանությունը Սուրբ Հարության Տաճար Մուտք գործեց երկու հանդիսավոր թափորներով:
Գերեզմանից Տիրոջ հրաշափառ Հարությունը խորհրդանշող լույսը հանեց Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Պալյանը, ով Ս. Գերեզման մտավ Երուսաղեմի Հունաց պատրիարքի հետ: Ս. Հարության տաճարում արարողությունը ավարտվեց Ս. Գերեզմանի շուրջ եռադարձ թափորով: Վանք վերադարձին, թափորը շարունակվեց շուկայից մինչև Սրց. Հակոբյանց տաճար:
Երուսաղեմում, Լուսավորայի արարողությունը կատարվեց ըստ Status Quo-ով սահմանված կարգի, առանց որևէ խախտման:
Ցավոք, պետք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցավ միջադեպ` ոստիկանության և համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների միջև: Անհամաձայնությունը հարթվեց անմիջապես, սակայն ձերբակալվեց մեր հայրենակիցներից մէկը, ով մեկ ժամ հետո ազատ արձակվեց:
Դեպքի վերաբերյալ Երուսաղեմի Հայ Պատրիարքը իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի Արտաքին գործոց նախարարության ներկայացուցիչներին»: