ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին հզոր խթան հաղորդեց մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը. Լավրով
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դաշինքի, ռազմավարական գործընկերության հարաբերություններ են: Այս տերմիններն ամրագրված են երկկողմանի պայմանավորվածություններում, ՀԱՊԿ-ի փաստաթղթերում: Այդ կապերը ներառում են առանց բացառության պետությունների գործունեության բոլոր ոլորտները, մեր ազգերի կենսագործունեության բոլոր ոլորտները՝ անվտանգության ոլորտի քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական կապեր, հումանիտար կապեր, կրթություն և շատ այլ բաներ: Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը;
10 տարվա ընթացքում հարաբերությունները զարգացել են, անշուշտ, մեր երկու երկրների նախագահներ Վ.Վ.Պուտինի և Ս.Ա. Սարգսյանի վստահելի ուղիղ շփումների ազդեցությամբ: Նրանք պարբերաբար՝ տարին մի քանի անգամ, հանդիպումներ են ունենում բարձր մակարդակով, շփվում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային ֆորումների «հարթակներում»:
Ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը, անշուշտ, լրացուցիչ շատ հզոր խթան հաղորդեց մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը: Բավարար է ասել, որ նախորդ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը մեծացել է ավելի քան 30 տոկոսով՝ ի համեմատություն 2016 թվականի՝ հասնելով, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 1 միլիարդ 750 միլիոն դոլարի: Սա շատ մեծ թիվ է, չեմ խոսում արդեն այն մասին, որ ռուսական մասնակցությամբ հարյուրավոր ընկերություններ՝ կամ ռուսական, կամ համատեղ ռուս-հայկական, աշխատում են Հայաստանի Հանրապետությունում և օգուտ են բերում մեր կապերին և մեր դաշնակցի տնտեսությանը: